Հոդված 12. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ և ՀԱՐԿԵՐ
Հոդված 12. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ և ՀԱՐԿԵՐ
1. Եթե մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային չվագծերում շահագործվող օդանավը ժամանում է մյուս Պայմանավորվող կողմի տարածք, ապա նրա մեջ գտնվող ցանկացած գույք, պահեստամասեր, ներառյալ շարժիչները, վառելանյութը և քսանյութերը (հիդրավլիկ հեղուկներ) ու օդանավի պաշարները (սննդամթերք, խմիչքներ, ծխախոտեղեն), փոխադարձության հիման վրա ազատվում են բոլոր մաքսատուրքերից, տեսչական վճարներից, և մյուս հարկերից ու տուրքերից` այն պայմանով, որ վերոհիշյալ գույքը և սարքավորումները կմնան այդ օդանավում մինչև նրա մեկնումը:
2. Ներքոհիշյալ սարքավորումները և գույքը, փոխադարձության հիման վրա, ազատվում են բոլոր մաքսային տուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից, բացառությամբ սպասարկման համար նախատեսված գանձումների.
ա) ցուցակագրված սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելանյութը և յուղը (քսանյութերը, հիդրավլիկ հեղուկներ) ու օդանավի պաշարները (սննդամթերք, խմիչքներ, ծխախոտեղեն), որոնք բերվել են այդ օդանավ, և նախատեսված են միայն այդ նշանակված ավիաընկերության օդանավով պայմանավորված չվագծերի շահագործման համար, նույնիսկ երբ այդ գույքը և սարքավորումները նախատեսված են այլ երկրի տարածքի վրայով ուղևորության համար,
բ) պահեստամասերը, ներառյալ շարժիչները, որոնք բերվել են այդ օդանավով մյուս Պայմանավորվող կողմի տարածք և նախատեսված են համաձայնեցված չվագծերը շահագործող նշանակված ավիաընկերության օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերը կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ Կողմի մաքսային իշխանությունների համաձայնությամբ և պահվել մաքսատան հսկողության կամ վերահսկման ներքո մինչև նրանց արտահանումը կամ օգտագործումը` համաձայն վերոհիշյալ Պայմանավորվող կողմի մաքսային կանոնների:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերի բոլոր մաքսատուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից և տուրքերից ազատումը կգործի նաև այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը համաձայնության մեջ կմտնի այլ ավիաընկերության հետ, որը օգտվում է նույն առավելություններից այլ Պայմանավորվող կողմի տարածքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերի առաքման և արտահանման դեպքում:
5. Տպագրված տոմսերի քանակը, բեռների վկայականները և այլ հրատարակչական նյութերը, որոնք ներմուծվել են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք, ազատվում են, փոխադարձության հիման վրա, բոլոր մաքսատուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից:
6. Գրասենյակի համար նախատեսվող գույքը, բեռնատար մեքենաները, օդանավակայանում շահագործման համար նախատեսվող բեռնատար մեքենաները, անձնակազմի և ուղեբեռի փոխադրման համար նախատեսվող ավտոբուսատիպի մեքենաները, բացառությամբ մարդատար մեքենաների, ինչպես նաև համակարգչային ռեզերվացիոն համակարգը, հաղորդակցական սարքավորումները և նրանց պահեստամասերը` նախատեսված Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչության համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, փոխադարձության հիման վրա, պետք է ազատվեն բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից` այն պայմանով, որ չեն գերազանցի տրամաբանական չափերը և նախատեսված են միայն այդ ներկայացուցչության օգտագործման համար:
7. Ուղիղ տարանցիկ փոխադրման բեռը, ուղեբեռը և փոստը, փոխադարձության հիման վրա կազատվեն բոլոր մաքսային տուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից, բացառությամբ սպասարկման գանձումների:
8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից պայմանավորված չվագծերի շահագործումից գոյացած եկամուտները և շահույթները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատվում են բոլոր մաքսային տուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից:
9. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության սեփականությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, փոխադարձության հիման վրա, կազատվի բոլոր հարկերից:
10. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչության ծառայողների աշխատավարձը և այլ նման վճարումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, փոխադարձության հիման վրա, կազատվեն բոլոր տեսակի հարկերից` այն պայմանով, որ այդ ծառայողները պետք է լինեն առաջին Պայմանավորվող կողմի քաղաքացիներ: