Հոդված 14. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 14. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1. Իրենց իրավունքներին և պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են: Պայմանավորվող կողմերը գործում են համաձայն օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ ձեռնարկումների վերաբերյալ Կոնվենցիայի (ստորագրվել է Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին), օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (ստորագրվել է Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին), Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (ստորագրվել է Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին):
2. Պայմանավորվող կողմերը պետք է, անհրաժեշտության դեպքում, միմյանց օժանդակություն ցույց տան` կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ձեռնարկումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
3. Ելնելով միմյանց շահերից` Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ավիացիոն) անվտանգության դրույթներին և Միջազգային քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված երաշխավորագրերին և ստանդարտներին համապատասխան այնքանով, որքանով որ այդ դրույթները ու պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ: Նրանք պետք է պահանջեն, որ իրենց գրանցված օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական կամ մշտապես գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում եղած միջազգային օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին ու պահանջներին համապատասխան:
4. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել, որ կիրառեն սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթները ու պահանջները, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմը նախատեսում է մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում ապահովելու է պատշաճ միջոցների կիրառումը օդանավի պաշտպանության և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրանց ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամորեն է քննելու կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու ամեն մի խնդրանք:
5. Եթե միջադեպ է տեղի ունենում, կամ միջադեպի սպառնալիք է առկա` կապված օդանավի ապօրինի գրավման հետ, կամ կան այլ անօրինական ձեռնարկումներ` ուղղված օդանավի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս` դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով: