Հոդված 12. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 12. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:
3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
6. Աշխատողներից` խոհարարը, հրուշակագործը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք՝ տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից:
Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:
7. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:
(12-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, փոփ. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն, 13.11.15 ՀՕ-131-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-257-Ն)