Հոդված 4. ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 4. ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:
2.1. Առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:
3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:
4. Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
5. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:
6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:
7. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, փոփ. 11.09.12 ՀՕ-176-Ն, 24.03.21 ՀՕ-142-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-40-Ն, խմբ. 05.03.25 ՀՕ-63-Ն)