Անցնել բովանդակությանը
Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

Հոդված 17.1. Հսկողության իրականացման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.1. Հսկողության իրականացման կարգը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ` ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ` տեսուչներ) միջոցով:

4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ` իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:

5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:

6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:

Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը:

7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:

8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը:

9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)`

ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բաց թողնված օգուտների հատուցում.

գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.

բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.

գ) կատարել տեսուչների (տեսուչի) օրինական պահանջներն ու ցուցումները:

15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:

Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով:

(17.1-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։