Հոդված 15.7. Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները
Հոդված 15.7. Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները
1. Ակցիա իրականացնողն ակցիայի մասին սպառողներին իրազեկում է տեղեկատվության տարածման ցանկացած եղանակով՝ ցուցանակով, ցուցափեղկով, զանգվածային լրատվության միջոցներով և սպառողներին հասանելի այլ միջոցներով, որոնցից առնվազն մեկը պետք է պարունակի՝
1) ակցիայի էության հակիրճ նկարագրությունը.
2) ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության հստակ շրջանակը կամ դրա հասանելիության աղբյուրը.
3) ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը․
4) ակցիայի կիրառումը պայմանավորող պայմանների (եթե այդպիսիք առկա են) վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրա հասանելիության աղբյուրը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության շրջանակը չնշվելու դեպքում ակցիան կիրառելի է համարվում ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա ապրանքների կամ ծառայությունների ամբողջ տեսականու նկատմամբ։
3. Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա՝ ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
4. Ակցիա իրականացնողն ապահովում է ակցիայի վերաբերյալ ամբողջական և հավաստի, իսկ գրավոր լինելու դեպքում՝ նաև ընթեռնելի տեղեկատվության հրապարակումը։
5. Ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել։
6. Այն դեպքում, երբ մինչև ակցիայի ժամկետի ավարտը ակցիային մասնակցող ապրանքները կամ ծառայություններն ամբողջությամբ սպառվում են, ապա ակցիան համարվում է վաղաժամկետ դադարած։
7. Վաճառողը կամ ծառայություն մատուցողը կարող է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ դադարեցնել ակցիայի իրականացումը։
8. Ակցիայի վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում ակցիա իրականացնողը պետք է միջոցներ ձեռնարկի ակցիայի իրականացման վերաբերյալ հրապարակումը դադարեցնելու համար։