Հոդված 11. ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Հոդված 11. ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա իրավունք է տալիս մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ազատ վաճառելու տրանսպորտային փաստաթղթեր և ծառայություններ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղղակիորեն կամ գործակալի միջոցով` տեղական դրամով կամ այլ ազատորեն փոխարկելի տարադրամով` այդ տարածքում գործող ազգային օրենքներին և կանոններին համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները, փոխադարձության հիման վրա, պետք է իրավունք ունենան փոխանցելու վաճառքի տարածքից իրենց երկրի տարածք ազատորեն և համապատասխան փոխանցման ինքնարժեքով և տարադրամի փոխանակման կանոնների համաձայն եկամուտներից կատարված ծախսերի հավելյալ գումարները, որոնք ստացվել են այդ ավիաընկերություններով պայմանագրային չվագծերը շահագործելիս` կապված ուղևորների, բեռի, փոստի և ուղեբեռի փոխադրման հետ: Այդ հիմնական փոխանցման մեջ պետք է ընդգրկվեն օդային տրանսպորտային ծառայությունների կամ երկրորդական լրացուցիչ ծառայությունների` ուղղակիորեն կամ գործակալի միջոցով կատարված վաճառքներից եկամուտները և այդ վճարումների նորմալ առևտրային տոկոսադրույքները, որոնք գումարվել են մինչև փոխանցման պահը:
3. Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, բեռների և փոստի տեղափոխումից վաստակած եկամուտները և հասույթները ազատվում են բոլոր հարկերից:
4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերը կկնքեն հատուկ համաձայնագիր, որը կկարգավորի նրանց միջև վճարումներն ու հաշվարկները, կկիրառվեն այդ համաձայնագրի պայմանները: