Հոդված 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Հոդված 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրում նախատեսված իրավունքները` միջազգային կանոնավոր երթուղիներում պայմանագրային չվագծերի հաստատման և շահագործման նպատակով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները սահմանված երթուղով պայմանագրային չվագծերը իրագործելիս կօգտվեն Պայմանավորվող մյուս կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում այդ երթուղու համար սահմանված վայրերում, ուղևորների և բեռների, ներառյալ փոստը, օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով կանգառների իրավունքից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն ենթադրում Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վարձակալության կամ վարձատրության պայմանով այդ նույն տարածքի այլ կետ տեղափոխման նպատակով ինքնաթիռ ուղևորներ, բեռներ, ներառյալ փոստը, վերցնելու իրավունքի տրամադրում (Կաբոտաժ):
3. Ի լրումն այս հոդվածի 1-ին կետով տրամադրված իրավունքների` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին պայմանագրային չվագծերը շահագործելու ընթացքում տրամադրում է նաև.
ա) Պայմանավորվող կողմի տարածքի վրայով առանց վայրէջք կատարելու թռիչքի իրավունք,
բ) Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք:
4. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիական օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով թռիչքը կամ այդ տարածքում վայրէջքը ոչ առևտրային նպատակներով պետք է իրագործվի միայն մյուս Պայմանավորվող կողմի նախնական թույլտվության տրամադրումից հետո: