Հոդված 13. ՕԴԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 13. ՕԴԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1) Համաձայն միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքների և պարտավորությունների` Պայմանավորվող կողմերը հավաստում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը հակաօրինական գործողություններից պաշտպանելու փոխադարձ պարտավորությունները: Չսահմանափակելով միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքների և պարտավորությունների ընդհանրական բնույթը` Պայմանավորվող կողմերը մասնավորապես գործում են համաձայն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` «Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` «Օդանավերի հակաօրինական բռնազավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված հակաօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի և որպես վերջինիս լրացում` 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում հակաօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» արձանագրության:
2) Համապատասխան խնդրանք ստանալու դեպքում Պայմանավորվող կողմերը քաղաքացիական օդանավերի հակաօրինական բռնազավթումը, այդ օդանավերի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացության սարքերի կամ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք կանխելու նպատակով միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում:
3) Քաղաքացիական օդանավերի հակաօրինական բռնազավթման միջադեպի կամ այդպիսի օդանավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված հակաօրինական գործողությունների կամ այդպիսի գործողությունների սպառնալիքի առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը, անցկացնելով երկկողմ խորհրդակցություններ, հեռահաղորդակցության պարզեցման և այլ համապատասխան միջոցառումների միջոցով աջակցում են միմյանց` նպատակ ունենալով հնարավորին չափ արագ, կյանքի նվազագույն վտանգումով հարթել այդօրինակ միջադեպերը կամ կանխել միջադեպերի սպառնալիքը:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է իրագործելի բոլոր միջոցները, որպեսզի կասեցվի իր տարածքում գտնվող բռնազավթված կամ հակաօրինական այլ գործողությունների ենթարկված օդանավի թռիչքը, եթե թռիչքը հարկադրված չէ օդանավի անձնակազմի և ուղևորների կյանքը պաշտպանելու առաջնահերթ պարտավորությունը կատարելու հանգամանքով: Հնարավորության առկայության դեպքում վերոնշյալ միջոցառումները պետք է ձեռնարկվեն երկկողմ խորհրդակցությունների հիման վրա:
5) Պայմանավորվող կողմերն իրենց փոխհարաբերություններում առաջնորդվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից ընդունված օդային անվտանգության ապահովման վերաբերյալ դրույթներով, որոնք ամրագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից և սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի հավելվածներում, որքանով անվտանգության ապահովման վերոհիշյալ դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ, նրանք պետք է պահանջեն, որ իրենց կողմից գրանցված օդանավերի սեփականատերերը կամ օդանավերի այն սեփականատերերը, որոնց ձեռնարկությունների գլխավոր նստավայրը կամ բնակության մշտական վայրը գտնվում է իրենց տարածքում, կամ իրենց տարածքում գտնվող օդանավակայանները շահագործողները գործեն համաձայն օդային անվտանգության ապահովման վերոհիշյալ դրույթների:
6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հայտարարում է, որ համաձայն է, որ օդանավերի շահագործողներին պահանջ ներկայացվի` պահպանելու սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ հիշատակված անվտանգության այն դրույթները, որոնք սահմանված են մյուս Պայմանավորվող կողմից` իր տարածք մուտքի, ելքի և տարածքում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում ապահովում է օդանավերի պաշտպանությունը, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և ուղեբեռների համապատասխան զննումը լուսարկող սարքերով, ինչպես նաև բեռների, օդանավում գտնվող պաշարների ստուգման նպատակով գործուն միջոցառումների գործադրումը բեռնումից առաջ և բեռնման ընթացքում: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը բարեհաճորեն քննության է առնում մյուս Պայմանավորվող կողմից ստացված` որոշակի սպառնալիքի կանխման նպատակով անվտանգության ապահովման հատուկ միջոցառումների իրականացման վերաբերյալ ցանկացած դիմում:
7) Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շեղվում է օդային անվտանգության ապահովման վերաբերյալ սույն հոդվածի դրույթներից, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են անհապաղ խորհրդակցություն գումարելու պահանջով դիմել առաջին Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին: Եթե վերոնշյալ դիմումի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում այդ հարցով գոհացուցիչ համաձայնություն չի կայանում, ապա դա դիտվում է որպես մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին շնորհված երթևեկության թույլտվության կասեցման, գործողության դադարեցման, սահմանափակման կամ պայմանների պարտադրման հիմք: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերը կարող են ժամանակավոր միջոցներ ձեռնարկել նախքան մեկամսյա ժամկետի լրանալը: