Հոդված 18. Հաղորդակցության հնարավորություններ
Հոդված 18. Հաղորդակցության հնարավորություններ
1. Իր պաշտոնական հաղորդակցությունների համար, այնպիսի հարցերում, ինչպիսիք են փոստի, հեռագրի, հեռատպիչի, ֆաքսիմիլային, հեռախոսային կամ այլ կապի հաստատումը, շահագործումը, դրանց գործածության առաջնահերթությունը, սակագները և վճարները, ինչպես նաև մամուլին և ռադիոյին տեղեկություն տրամադրելու արժեքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին կցուցաբերվի ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, քան այն, որ Կառավարության կողմից ցուցաբերվում է ցանկացած դիվանագիտական առաքելության (կամ միջկառավարական կազմակերպության):
2. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական գրագրությունը կամ որևէ այլ հաղորդակցություն չի ենթարկվի գրաքննության: Այդպիսի անձեռնմխելիությունը տարածվում է տպագիր նյութերի, լուսանկարային և էլեկտրոնային տվյալների հաղորդակցության, ինչպես նաև հաղորդակցության ցանկացած այլ ձևերի վրա` ըստ Կողմերի համաձայնության: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրավունք ունի կոդեր գործածել և թղթակցություն ուղարկել ու ստանալ կամ սուրհանդակի կամ կնքված պարկերի միջոցով, որոնք անձեռնմխելի են և գրաքննության ենթակա չեն:
3. ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրավունք ունի իր գրասենյակների միջև, երկրի ներսում և նրանից դուրս և, մասնավորապես, Նյու Յորքում տեղակայված ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանի հետ ՄԱԿ-ի` գրանցված և Կառավարության կողմից տրամադրված հաճախականության ալիքներով օգտագործել ռադիոհաղորդակցության և հեռախոսահաղորդակցության այլ սարքավորումներ:
4. Իր սեփական պաշտոնական հաղորդակցությունը հիմնելիս և դրա գործողության ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրավունք ունի օգտվելու Միջազգային հեռահաղորդակցության Կոնվենցիայից (Նայրոբի, 1982) և դրան` որպես հավելված կցված կանոններով սահմանված առավելություններից: