Հոդված 5. Օտարում և փոխհատուցում
Հոդված 5. Օտարում և փոխհատուցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է դառնան օտարման, ազգայնացման, սեփականազրկման, բռնագրավման կամ որևէ այլ տեսակի նմանատիպ միջոցառումների (այսուհետև` օտարում) առարկա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հանրային շահերը ներկայացնող նպատակներով, առանց խտրականության, օրենսդրությանը համապատասխան և ուղեկցվում է`
ա) նախնական և համարժեք փոխհատուցման վճարմամբ` այն դեպքում, երբ օտարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և
բ) արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ` այն դեպքում, երբ օտարումը իրականացվում է Ավստրիայի Հանրապետության տարածքում:
Այդ վճարումները պետք է կատարվեն ստորև նշված 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
2. Փոխհատուցումը պետք է`
ա) վճարվի առանց ուշացումների: ՈՒշացման դեպքում ցանկացած տարադրամի ընթացագնի հետ կապված կորուստները պետք է հատուցի ներդրումն ընդունող երկիրը,
բ) համարժեք լինի մինչև օտարման իրականացումը օտարված ներդրումի գործող իրական շուկայական արժեքին: Իրական շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն` կապված օտարման մասին նախապես հանրորեն հայտնի դառնալու հետ,
գ) պետք է վճարվի և ազատ փոխանցելի լինի դեպի այն երկիրը, որը որոշված է համապատասխան հայցվորների կողմից, այն երկրի տարադրամով, որի քաղաքացիներն են հայցվորները, կամ հայցվորներին հարմար ցանկացած փոխարկելի տարադրամով,
դ) իր մեջ ընդգրկի վճարման տարադրամի համար շուկայական հիմքի վրա ձևավորված նորմալ առևտրային ընթացագնով տոկոսը` սկսած օտարման պահից մինչև փաստացի վճարումը:
3. Մի Պայմանավորվող կողմի ներդրողը, որը հայտարարում է, որ վնասներ է կրել մյուս Պայմանավորվող կողմի կողմից օտարում իրականացնելու հետևանքով, պետք է վերջին Պայմանավորվող կողմի դատական մարմնի կամ այլ իրավասու և անկախ մարմնի կողմից իր գործի արագ վերանայման իրավունք ունենա, ներառյալ իր ներդրումի գնահատումը և փոխհատուցման վճարումը սույն հոդվածի դրույթներին համապատասխան: