Հոդված 19. Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները
Հոդված 19. Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները
1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն՝
1) զբաղվածության պետական ծառայությունից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվության.
2) զբաղվածության պետական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.
3) զբաղվածության պետական ծառայության պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:
2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք իրավունք ունեն վերամասնագիտացման` սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված միջոցների հաշվին:
4. Գործազուրկները, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքներից բացի, սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն նաև՝
1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.
3) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: