Հոդված 309. 1. Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ
Հոդված 309 .1. Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ
1. Սույն գլխով սահմանվում են էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու, Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու և օգտագործելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների առանձնահատկությունները, էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ապրանքների և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ մաքսային վճարների կիրառումը։
Միության մաքսային տարածքից էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման կարգի և պայմանների առանձնահատկությունները, ներառյալ՝ այդ ապրանքների բացթողման պայմանները, Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու կարգի առանձնահատկությունները և այդ ապրանքների հետ կապված մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները, հաշվի առնելով սույն Օրենսգրքի 309.8 հոդվածի 5-րդ կետը, կարող են սահմանվել Հանձնաժողովի կողմից։
2. Միության մաքսային տարածք ներմուծված այն ապրանքները, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվել են սույն գլխով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների կիրառմամբ, դրանց բացթողումից հետո չպետք է օգտագործվեն կոմերցիոն գործունեության մեջ։
Նշված ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործելու փաստերի հայտնաբերման դեպքում «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում գործարքի կողմ հանդիսացող և այդ ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործող ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է այդ ապրանքների օգտագործումը։
3. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկը և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ սույն գլխի դրույթները չեն կիրառվում։ Այդ ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ սույն Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:
4. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու համար, և որոնց սեփականատերն անդամ պետության անձ է։ Այդ ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ սույն Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով: