Հոդված 309.4. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը
Հոդված 309.4. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը
1. Որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ 16 տարին լրացած այն ֆիզիկական անձինք, որոնք այդ ապրանքներն ստացողներն են։
Սույն օրենսգրքի 309.3 հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարատուն էլեկտրոնային առևտրի օպերատորն է։
2. Որպես ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների հայտարարատու, որոնք ձևակերպվում են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով և այլ մաքսային ընթացակարգերով՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերին ու 5-րդ կետին համապատասխան ավարտելու համար, հանդես է գալիս էլեկտրոնային առևտրի օպերատորը։
3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների, ինչպես նաև ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված, այդ թվում՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերում ու 5-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ։
Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է տարանցման հայտարարագրի օգտագործմամբ։
Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ մաքսային հայտարարագրի լրացման կարգը սահմանելիս։
4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կամ այն անձի կողմից, որը, սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու։
5. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, ինչպես նաև սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերին և 5-րդ կետերին համապատասխան այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։