Հոդված 309.3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
Հոդված 309.3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։
2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում, սենքերում (սենքերի մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (սենքեր, հրապարակներ)), որոնք էլեկտրոնային առևտրի օպերատորներին են պատկանում սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության իրավունքով։
Թույլատրվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ժամանակավոր պահպանումը, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվում են էլեկտրոնային առևտրի մեկ օպերատորի կողմից՝ էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի՝ սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության իրավունքով պատկանող կառույցներում (սենքերում, հարթակներում)։
3. Ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունն առաջանում է, դադարում է և ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածին համապատասխան, իսկ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան։
4. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում։
5. Եթե մինչև սույն օրենսգրքի 101-րդ հոդվածով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումն ու մյուս մաքսային գործառնությունները չեն կատարվել սույն Օրենսգրքի 309.4 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված անձի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի այդ ապրանքները կարող են մաքսային մարմնի թույլտվությամբ Միության մաքսային տարածքից արտահանվել էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ առանց մաքսային հայտարարագրման և առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ կարող են ձևակերպվել «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով։
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու վերաբերյալ մաքսային մարմնի թույլտվության ստացման և ձևակերպման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու՝ այդ օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով։
Հանձնաժողովը կարող է սահմանել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ: