Հոդված 32. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝
Հոդված 32. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս հիմնական պատասխանատուն համարվում են համայնքի ղեկավարը և համայնքում գործող մասնագիտացված սոցիալական աշխատողները, որոնց այդ հարցում աջակցում են ուսումնական, բժշկական կամ երեխայի խնամք իրականացնող կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն փաստացի առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:
1.2. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված գնահատում և դեպքի ուսումնասիրություն:».
3) 2-րդ մասի «Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների» բառերով.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաշվառման հիմքերը, երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնին: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումն իրականացնելու կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: