Հոդված 42. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը
Հոդված 42. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով:
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` հանքարդյունահանման նախագիծը կազմելու համար:
3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան նախապես հատկացված տեղամասի կեսը:
5. Ժամկետի երկարաձգման դիմումում պետք է նշվեն`
1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
2) հանգամանքները, որոնք հիմք են եղել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.
3) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների մասին.
4) փոփոխված աշխատանքային ծրագիրը.
5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:
6. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:
7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային փոփոխված ծրագիրը և որոշում ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
8. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: