Հոդված 15. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը
Հոդված 15. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը
1. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը և տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում կառավարության իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման քաղաքականության որոշումն ու իրականացումը.
2) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման կարգի սահմանումը.
3) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման կարգերի սահմանումը.
4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը.
5) ընդերքօգտագործման թույլտվությունների և երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնությունների ձևերի հաստատումը.
6) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը.
7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևերի սահմանումը.
8) օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանի ձևի սահմանումը.
9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգի սահմանումը.
10) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի սահմանումը.
11) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանումը.
12) հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգի սահմանումը.
13) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ.
14) ընդերքօգտագործողների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: