Հոդված 16. Պահպանության դադարեցումը և իրավունքներից զրկումը
Հոդված 16. Պահպանության դադարեցումը և իրավունքներից զրկումը
1. Գրանցման հիման վրա ստացված իրավունքները դադարեցվում են՝
1) գրանցման հայտ ներկայացնելու թվականից, եթե գրանցումն անվավեր է ճանաչվում.
2) պահպանության դադարեցման գործընթացն սկսելու թվականից, եթե պահպանությունը դադարեցվում է:
2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե այն կատարվել է սույն օրենքի դրույթների խախտմամբ։
3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը դադարեցվում է, եթե՝
1) սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, նշված աշխարհագրական գոտուն բնորոշ յուրահատուկ բնական պայմանների և (կամ) մարդկային գործոնների փոփոխության կամ վերացման հետևանքով այլևս անհնարին է ստանալ տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանք.
2) տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն այլևս չի պահպանվում ծագման երկրում, եթե աշխարհագրական գոտին պատկանում է այլ երկրի։
4. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը դադարեցվում է, եթե սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմինը անհամապատասխանություն է գտնում արտադրանքի իրական բնութագրերի և տեխնիկական հատկորոշումների միջև, եթե դրանք որևէ ձևով վերացնել հնարավոր չէ։
5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողությունը պետական լիազոր մարմինը դադարեցնում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան.
2) իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում.
3) իրավատիրոջ դիմումի հիման վրա.
4) սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմնի միջնորդության հիման վրա, եթե նա համարում է, որ տեխնիկական հատկորոշումները չեն պահպանվում։