Հոդված 21.1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը
Հոդված 21.1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմված է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության բոլոր անդամներից:
2. Ընդհանուր ժողովը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան և արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովի գումարման և անցկացման կարգը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
3. Ընդհանուր ժողովը հրավիրվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի կամ խորհրդի որոշմամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով և նշած օրակարգով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում: Եթե սահմանված ժամկետում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը ընդհանուր ժողով չի հրավիրում, ապա ընդհանուր ժողովը կարող են գումարել ընդհանուր ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձինք:
4. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հաշտարարների 30 տոկոսից ավելին:
5. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
6. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
1) հաստատում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությունը և հաշտարարի վարքագծի կանոնները,
2) հաստատում է սույն մասի 1-ին կետում նշված փաստաթղթերում կատարվող փոփոխությունները և լրացումները,
3) ընտրում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և խորհրդի անդամներին:
7. Ընդհանուր ժողովը լուծում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված բացառիկ իրավասությունները չեն կարող փոխանցվել խորհրդին:
9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավասությունները ընդհանուր ժողովն իրականացնում է բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
(21.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)