Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11.2. Հաշտարարության վերաբերյալ կողմերի ծանուցումը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 11.2. Հաշտարարության վերաբերյալ կողմերի ծանուցումը

1. Հաշտարարը պարտավոր է հաշտարարության ժամանակի և վայրի մասին կողմերին ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով։

2. Կողմերի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից հաշտարար նշանակվելու դեպքում արդարադատության նախարարությունը հաշտարարին փոխանցում է նաև դիմումում նշված` կողմերին պատշաճ ծանուցման համար անհրաժեշտ տվյալները։

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարարի ընտրության դեպքում կողմերը հաշտարարին հայտնում են նաև իրենց պատշաճ ծանուցման համար անհրաժեշտ տվյալները։

4. Հաշտարարության ժամանակի և վայրի մասին ծանուցումը կողմերին ուղարկվում է պատվիրված նամակով կամ հանձնվում առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

5. Կողմերը կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են պատվիրված նամակով կամ հանձնվում են առձեռն:

7. Ծանուցումը կողմին պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հաշտարարը գործին կցում է հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

8. Ծանուցումը կողմին առձեռն հանձնելու դեպքում հաշտարարը գործին կցում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

9. Ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում հաշտարարը գործին կցում է ծանուցումն ուղարկելու մասին հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

10. Կողմերը պարտավոր են հաշտարարին անհապաղ հայտնել հաշտարարության ընթացքում իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան ծանուցումն ուղարկվում է այն հասցեով, որով կատարվել է ծանուցումը և կողմի վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

11. Եթե ծանուցումը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հաշտարարը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, կողմը համարվում է պատշաճ ծանուցված:

(11.2-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։