Հոդված 16. Արտոնագրված հաշտարարի գործունեությունը կասեցնելը
Հոդված 16. Արտոնագրված հաշտարարի գործունեությունը կասեցնելը
(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
1. Հաշտարարի գործունեությունը կասեցվում է, եթե հաշտարարը`
1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետը լրանալը.
3) օրենքով սահմանված կարգով ներգրավվել է զորավարժություններին և վարժական հավաքներին մինչև զորավարժությանը և հավաքին ներգրավված լինելու ժամկետի լրանալը.
4) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.
5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին հաշտարարը պարտավոր է դրանց ծագման պահից տասնօրյա ժամկետում տեղեկացնել արդարադատության նախարարությանը և հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը:
3. Հաշտարարի գործունեությունը կասեցնում է արդարադատության նախարարը` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության մասին տեղեկանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հաշտարարի գործունեությունը կասեցնելու մասին որոշումը այն կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է համապատասխան հաշտարարին, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար, և հրապարակվում է արդարադատության նախարարի սահմանած կայքում:
4. Հաշտարարի գործունեությունը կասեցնելու դեպքում հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը համարվում է կասեցված:
5. Հաշտարարի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո հաշտարարը կարող է դիմել արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար` կցելով համապատասխան փաստաթղթերը: Հաշտարարի գործունեությունը վերականգնում է արդարադատության նախարարը դիմումն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշում կայացնելով:
(16-րդ հոդվածը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)