Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՇՏԱՐԱՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Հաշտարարների ռեեստրը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հաշտարարների ռեեստրը

(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)

1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում (այսուհետ` ռեեստր) ընդգրկվում են բոլոր հաշտարարները։ Ռեեստրը վարում է արդարադատության նախարարությունը և հրապարակվում է արդարադատության նախարարի կողմից սահմանված կայքում, որում ներառվում են նաև հաշտարարների ինքնակենսագրականը, մասնագիտացումը, կապի միջոցները, ինչպես նաև տեղեկություններ հաշտարարի՝ անհատապես կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում գործելու վերաբերյալ։

2. Անձը ռեեստրում հաշվառվում է որակավորման վկայագիր ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

3. Ռեեստրում առանձնացվում և արդարադատության նախարարի սահմանած կայքում հրապարակվում է այն հաշտարարների ցանկը (առանձնացված ցանկը), որոնք սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում արդարադատության նախարարություն պահանջագիր ներկայացվելու դեպքում կարող են նշանակվել հաշտարար։

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված գործերով արդարադատության նախարարության կողմից համապատասխանաբար հաշտարար նշանակելու կամ դատարանին հաշտարարի թեկնածու առաջարկելու անհրաժեշտության դեպքում հաշտարարը նշանակվում կամ հաշտարարի թեկնածուն ընտրվում է հաշտարարների հատուկ ցանկից։

(Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներն ուժի մեջ են մտնում Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշտարարների հատուկ ցանկը առնվազն 15 արտոնագրված հաշտարարով համալրվելու դեպքում, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո` համաձայն 16.11.22 ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի)

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առանձնացված և հատուկ ցանկերում ընդգրկվելու համար հաշտարարը կարող է դիմել արդարադատության նախարարություն։ Հաշտարարը կարող է ընդգրկվել ինչպես նշված ցանկերից մեկում, այնպես էլ երկուսում միաժամանակ։

6. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված ցանկերում չընդգրկված հաշտարարները չեն կարող նշանակվել արդարադատության նախարարության կողմից կամ դատարանի կողմից ներկայացված պահանջագրի հիման վրա ընտրվել որպես հաշտարարի թեկնածու և հաշտարարություն կարող են իրականացնել կողմերի ընտրությամբ։

7. Հաշտարարի դիմումի հիման վրա սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված ցանկում հաշտարարի մասնակցությունը կարող է կասեցվել։

8. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված ցանկերից յուրաքանչյուրում հաշտարարի մասնակցության կասեցման օրերի հանրագումարը չի կարող գերազանցել մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրը։ Նշված ժամկետը լրանալուց հետո ռեեստրի առանձնացված կամ հատուկ ցանկում մասնակցության վերականգնման դիմում չներկայացնելու դեպքում հաշտարարի մասնակցությունը համապատասխան ցանկում դադարում է։

9. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված ցանկերում ընդգրկված հաշտարարների թիվը երեքից պակաս լինելու դեպքում արդարադատության նախարարությունը հաշտարարի ընտրությունը կատարում է նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշտարարների ցանկից։

10. Սույն օրենքի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված ցանկերում մասնակցության դադարեցման դիմում ներկայացնելու դեպքում հաշտարարը չի կարող ընդգրկվել նույն ցանկում մասնակցության դադարեցման պահից վեց ամսվա ընթացքում։ Ցանկում մասնակցության դադարեցման մասին որոշումն արդարադատության նախարարությունն ուղարկում է հաշտարարին այն կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հաշտարարը ռեեստրում հաշվառումից հանվում է որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքում։

12. Հաշտարարին հաշվառումից հանելու մասին որոշումն արդարադատության նախարարությունն ուղարկում է հաշտարարին այն կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հաշտարարին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

14. Ռեեստրի վարման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(17-րդ հոդվածը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։