Հոդված 23.6. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի որոշումը
Հոդված 23.6. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի որոշումը
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն հաշտարարը կատարել է մի քանի կարգապահական խախտում, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կայացնում է մեկ որոշում:
2. Խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:
3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է հաշտարարի համար:
4. Խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:
5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո խորհուրդը կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակները.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) հաշտարարի որակավորման դադարեցման վերաբերյալ արդարադատության նախարարին միջնորդության ներկայացում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցը կարող է կիրառվել երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող հաշտարարի կողմից կրկին պատասխանատվության ենթարկվելու դեպքում:
7. Հաշտարարի նկատմամբ նկատողություն և խիստ նկատողություն կիրառվելուց հետո համապատասխանաբար վեց ամսվա և մեկ տարվա ընթացքում պատասխանատվության չենթարկվելու դեպքում հաշտարարը համարվում է պատասխանատվության չենթարկված:
8. Հաշտարարի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Պատասխանատվության միջոցը կիրառելիս հաշվի են առնվում խախտման հետևանքները, հաշտարարի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը և հաշտարարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
9. Հաշտարարին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է հաշտարարին այն կայացնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
10. Պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
11. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու դեպքում հաշտարարի որակավորումը դադարեցնելու մասին միջնորդությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է արդարադատության նախարարություն: