Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 9.1. Կողմի հետ հաշտարարի փոխկապակցվածության կամ անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած հարուցող հիմքերի բացահայտման կարգը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 9.1. Կողմի հետ հաշտարարի փոխկապակցվածության կամ անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած հարուցող հիմքերի բացահայտման կարգը

1. Հաշտարարը պարտավոր է կողմերին բացահայտել սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մասին:

2. Կողմի հետ փոխկապակցված հաշտարար է համարվում`

1) կողմի կառավարման մարմնի ղեկավարը, տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև արդարադատության նախարարության կամ դատարանի կողմից նշանակման պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.

2) կողմի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը.

3) կողմի կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:

3. Կողմի հետ փոխկապակցված է համարվում նաև այն հաշտարարը, որը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հարաբերությունների մեջ։

4. Ֆիզիկական անձ կողմի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

5. Փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ հաշտարարը պարտավոր է կողմերին բացահայտել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեղեկությունը ներկայացնելիս: Հաշտարարության իրականացման ընթացքում փոխկապակցվածության կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում հաշտարարը պարտավոր է հաշտարարության գործընթացը չխաթարող ողջամիտ ժամկետում բացահայտել դրանք կողմերին՝ հիմնավորելով, որ փոխկապակցվածության հիմքը կամ անաչառությունը կասկածի դնող այլ հանգամանքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել հաշտարարությունն սկսելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

6. Փոխկապակցվածության կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ կողմը կարող է հայտնել այդ մասին հաշտարարի հետ առաջին հանդիպման սկզբում: Հաշտարարության իրականացման ընթացքում փոխկապակցվածության կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ կողմը կարող է հայտնել, եթե այդպիսի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել հաշտարարությունն սկսելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

7. Սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում հաշտարարը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու փոխկապակցվածության անտեսման հարցը: Եթե կողմերը հաշտարարի բացակայությամբ որոշում են կայացնում հաշտարարի փոխկապակցվածությունն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո հաշտարարն իրականացնում է հաշտարարություն։

8. Սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում հաշտարարությունը կարող է ավարտվել կամ շարունակվել կողմերի և հաշտարարի փոխադարձ համաձայնության առկայության դեպքում՝ կողմերի ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով: Սույն օրենքի 12.1-ին հոդվածով սահմանված կարգով հաշտարարությունն առցանց իրականացվելու դեպքում հաշտարարության շարունակման վերաբերյալ կողմերի և հաշտարարի փոխադարձ համաձայնության առկայության դեպքում հաշտարարությունը շարունակելու համար բավարար է կողմերի բանավոր հայտարարությունը:

9. Սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հիմքով հաշտարարության ավարտի դեպքում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջը, ինչպես նաև հաշտարարության համաձայնություն կնքված լինելու դեպքում վեճի լուծման արտադատական կարգը պահպանված չեն համարվում, և հաշտարարությունը համարվում է չկայացած:

(9.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։