Հոդված 101. Ալիմենտային պարտքի որոշումը
Հոդված 101. Ալիմենտային պարտքի որոշումը
1. Անցած ժամանակի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի ընթացքում:
2. Եթե կատարողական թերթի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով, ապա ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ողջ ժամանակահատվածի համար` անկախ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված եռամյա ժամկետից։
3. Ալիմենտային պարտքի չափը որոշում է դատական ակտերի հարկադիր կատարողը՝ ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից։
4. Երեխաների համար սույն օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել։ Եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել, կամ եթե չներկայացվեն նրա վաստակը և (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է` ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից։ Եթե ալիմենտային պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, ապա կողմը, որի շահերը խախտվել են, կարող է դիմել դատարան: Դատարանը, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից, որոշում է ալիմենտային պարտքը` կայուն դրամական գումարով: