Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը
Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը
1. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:
Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:
2. Արգելանքը կիրառվում է`
1) պարտապանի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.
2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.
3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:
3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:
Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:
Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:
4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: