Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը
Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը
1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք նախավճար են մուծում բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին այն չափով, ժամկետներում և կարգով, որոնք նշված են աճուրդի անցկացման հաղորդագրության մեջ: Նախավճարի չափը չպետք է գերազանցի վաճառվող գույքի նախնական գնի հինգ տոկոսը:
Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձանց նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, երբ աճուրդը չի կայացել:
2. Աճուրդում հաղթած է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է ամենաբարձր գինը:
Աճուրդում հաղթած անձը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:
Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթած անձին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցել աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:
3. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է այն անցկացնելու օրվանից եռօրյա ժամկետում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
4. Աճուրդում հաղթած անձի կողմից գնման գինը մուծելուց հետո` եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար: