Հոդված 10. Հիմնադրամի հիմնադրումը
Հոդված 10. Հիմնադրամի հիմնադրումը
1. Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ:
2. Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից: Մեկ անձի կողմից հիմնադրամի հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը՝ միանձնյա:
3. Հիմնադրամի հիմնադիրները կնքում են հիմնադրամի ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է՝
1) տեղեկություններ հիմնադիրների մասին`
- ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ.
- իրավաբանական անձանց համար` ֆիրմային լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ.
2) հիմնադրամի ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.
3) հիմնադրամի նպատակները.
4) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.
5) հիմնադրամի գործունեության ժամկետը.
6) հիմնադրամի ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները և պարտականությունները.
7) տվյալներ հիմնադրամի սկզբնական գույքի ձևավորման մասին և այդ գույքի փոխանցման կարգը.
8) հիմնադրամը չկայացած համարվելու կամ դրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում հիմնադրամի ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումը՝ ըստ հիմնադիրների:
4. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ավագանու որոշմամբ: