Հոդված 15. Հիմնադրամի կանոնադրությունը
Հոդված 15. Հիմնադրամի կանոնադրությունը
1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):
2. Կանոնադրությունը սահմանում է`
1) հիմնադրամի անվանումը.
2) հիմնադրամի գտնվելու վայրը.
3) հիմնադրամի նպատակները.
4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով հիմնադրամը կարող է զբաղվել.
5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին.
- ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը,
- իրավաբանական անձանց համար` լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը.
6) հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը, հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը.
7) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.
8) հիմնադրամի գործունեության ժամկետը.
9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, քանակական կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.
10) հիմնադրամի լուծարման և այդ դեպքում գույքի օգտագործման կարգը.
11) սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Եթե հիմնադրամի կանոնադրության դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա կիրառվում են օրենսդրության դրույթները:
4. Հիմնադրամի մարմինները կարող են փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն:
Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չեն կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների դիմումի հիման վրա: