Հոդված 23. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը
Հոդված 23. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը
1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`
1) նրա գրավոր դիմումի հիման վրա.
2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.
3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է:
Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրամներում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել ցանկացած պահի՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի անդամի որոշմամբ:
Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:
Սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից, իսկ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրվանից:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում նոր անդամի ընտրության համար թեկնածու են առաջադրում հիմնադիրները, իսկ եթե հիմնադիրները գոյություն չունեն, կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 30 օրվա ընթացքում թեկնածու չեն առաջադրում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը:
Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադիրները պետք է պատշաճ ձևով տեղեկացված լինեն:
4. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` նախկին անդամի լիազորությունների դադարման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար ձայների անհրաժեշտ քանակ, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է կրկնակի քվեարկություն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ձայների առավելագույն քանակ, սակայն ոչ պակաս, քան հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:
Եթե սույն մասով սահմանված կարգով թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում, ապա հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրությունները համարվում են չկայացած:
5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ընտրությունները չկայացած համարվելու դեպքում նոր անդամի ընտրության համար թեկնածու են առաջադրում հիմնադիրները՝ ընտրությունը չկայացած համարվելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ եթե հիմնադիրները գոյություն չունեն, կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 45 օրվա ընթացքում թեկնածու չի առաջադրվում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը: Այդ դեպքում ընտրություններն անցկացվում են թեկնածու առաջադրելու ժամկետների ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում, սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:
6. Եթե հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը պակասում է սույն օրենքի 22-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված նվազագույն թվից, և մեկ տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմը չի համալրվում, ապա հիմնադրամը ենթակա է լուծարման:
7. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում հիմնադրամի հիմնադիրը երեք ամսվա ընթացքում կամ սույն հոդվածով սահմանված կարգով համալրում է հոգաբարձուների խորհրդի կազմը կամ դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երեք ամիս ժամկետով նշանակում է 3 անդամից կազմված հոգաբարձուների խորհուրդ (այսուհետ՝ ժամանակավոր խորհուրդ), որն իր նշանակման պահից վեց ամսվա ընթացքում ձևավորում է հոգաբարձուների նոր խորհուրդ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Նշված ժամկետում հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու անհնարինության դեպքում ժամանակավոր խորհուրդը դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: