Հոդված 8. Հիմնադրամի գույքը
Հոդված 8. Հիմնադրամի գույքը
1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:
3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
1) հիմնադրի ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
3) դրամական մուտքերը պետական բյուջեից.
4) դրամաշնորհները.
5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
5. Պետական բյուջեի միջոցները կարող են ուղղվել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության աջակցմանը միայն մրցութային սկզբունքով և միայն այն դեպքում, եթե հիմնադրամի գործունեության ծրագիրը սահմանված կարգով որակված է հանրօգուտ կամ բարեգործական: Պետական բյուջեից ստացված միջոցները չեն կարող ուղղվել հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի իրականացմանը:
6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով՝ միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:
7. Հիմնադրամի ծախսերն են`
1) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.
2) վարչակառավարչական ծախսերը:
8. Սույն հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետով նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի) և օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում եմ նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը:
9. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:
10. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերի գումարի չափն ամրագրվում է հիմնադրամի կանոնադրությամբ: Այդ գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը: