Հոդված 22. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը
Հոդված 22. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը
1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը, իսկ կտակի հիման վրա հիմնադրելիս՝ կտակակատարը, եթե կտակում այլ բան նախատեսված չէ:
Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը սահմանվում է հիմնադրամի կանոնադրությամբ, սակայն չի կարող պակաս լինել 3 անդամից:
4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին կամ համանախագահներին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
7. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: