Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 5. Անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին տարերային աղետի հետևանքով վնաս պատճառվելու կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքերում անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն, որի վճարման կարգը, պայմանները և չափը սահմանում է Կառավարությունը: Սույն մասի իմաստով՝ անհայտ կորած անձի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները:

2. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի այն անդամները, որոնք վերջինիս անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, չորրորդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ Կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն մասի իմաստով՝ ընտանիքի անդամ են համարվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված անձինք:

3. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը) Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելության և ուսումնառության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով: Պետությունը սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով:

4. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը կենսաթոշակի, պետական նպաստի իրավունք ունի, որոնք իրականացվում են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով:

5. Զինծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում անհայտ կորելու և դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում նրա ընտանիքին տրվում է դրամական աջակցություն՝ Կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն մասի իմաստով՝ ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձինք կամ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արտոնություններից՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից և փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով՝ Կառավարության սահմանած կարգով:

7. Եթե կամավորականն անհայտ կորել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա նրա ընտանիքի անդամներն օգտվում են սույն հոդվածով զինծառայողների ընտանիքի անդամների համար սահմանված արտոնություններից:

8. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման Կառավարության սահմանած կարգին համապատասխան, շահառուների խմբում ընդգրկված լինելու դեպքում սոցիալ-հոգեբանական օգնության իրավունք ունի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։