Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անհայտ կորած անձ՝ զինծառայող, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձ, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորական, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, և, հավաստի տեղեկությունների համաձայն, նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում տեղեկություններ չկան, կամ նրա ընտանիքի անդամները տեղեկություններ չունեն նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին.
2) անհայտ կորած անձի ընտանիքի անդամներ՝ ամուսին, կին (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող), զավակ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով՝ խորթ, որդեգրված), ծնող (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով՝ խորթ ծնող, որդեգրող ծնող), պապ, տատ, թոռ, եղբայր, քույր (այդ թվում՝ համահայր, համամայր, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով՝ խորթ, որդեգրված), խնամակալ, հոգաբարձու, խնամարկյալ, հոգաբարձության ներքո գտնվող անձ (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածում և 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի).
3) անհայտ կորած անձանց միասնական ռեեստր՝ տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է անհայտ կորած անձանց, անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների և պատճառների ուսումնասիրման համար անհրաժեշտ, նրանց գտնվելու վայրի հետախուզման արդյունքով ստացված վերաբերելի բոլոր տեղեկությունների ու տվյալների կենտրոնացման, անհայտ կորած անձանց՝ հաշվառման համար օգտագործվող տվյալների մշակման, պահպանման, պաշտպանության, օգտագործման և տարածման համար.
4) դիմող՝ այն անձի հետախուզման մասին դիմում ներկայացրած անձ, որի ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան.
5) շահառու՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի իմաստով՝ պետության կողմից վնասի հատուցում, ինչպես նաև աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք.
6) անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմին՝ անհայտ կորած անձանց հետախուզումը և դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը համակարգող մարմին, որը լիազորված է անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ գործողություններ և սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ իրականացնելու համար.
7) անհայտ կորած անձի հետախուզմանը նպաստող արժանահավատ տեղեկատվություն՝ անհայտ կորած անձի վերաբերյալ ցանկացած տեղեկություն և (կամ) տվյալ, որը կարող է նպաստել նրա գտնվելու վայրը պարզելուն, չնույնականացված մարմինը (մասունքները) նույնականացնելուն, մահացած անձի մարմնի (մասունքների) գտնվելու վայրը կամ հուղարկավորման վայրը պարզելուն.
8) մահացած անձի չնույնականացված մարմին կամ մասունքներ՝ մահացած մարդու մարմին կամ մասունքներ, որոնց՝ կոնկրետ անձին պատկանելությունը չի կարող պարզվել՝ առանց նույնականացման համար լրացուցիչ միջոցառումներ անցկացնելու.
9) անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) նույնականացում՝ անհայտ կորած անձի մահից հետո մարմնի (մասունքների) վերաբերյալ ստացված բոլոր, այդ թվում՝ փորձագիտական (լաբորատոր) հետազոտական համալիր միջոցառումների արդյունքով ստացված տեղեկությունների, նյութերի, նմուշների համադրում համապատասխան որակավորում ունեցող իրավասու պաշտոնատար անձի կողմից՝ ուղղված մարմնի անձը (մասունքի՝ անձին պատկանելությունը) պարզելուն.
10) որոնողական խումբ՝ անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմնի, կազմակերպությունների և (կամ) առանձին անձանց մարդասիրական առաքելություն՝ ուղղված անհայտ կորած անձանց, նրանց մարմինների (մասունքների) որոնումներին, անհայտ կորած անձանց հուղարկավորման վայրերի հետախուզմանն ու արձանագրմանը, անհայտ կորած անձանց մարմինների (մասունքների) դուրսբերմանը: