Հոդված 13. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը
Հոդված 13. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը
1. Եթե անձը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկին, ապա անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը ներկայացվում է Լիազոր մարմին այդ անձի ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից: Ընդ որում, զինծառայողի անհայտ կորելու դեպքում որպես պետական մարմին անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացնելու իրավասություն ունի այն պետական մարմինը, որի կազմում զինվորական ծառայություն է անցել անհայտ կորած անձը: Հասարակական կազմակերպության կողմից դիմում ներկայացնելու իրավունքը վերապահվում է միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մարդու իրավունքների, անհայտ կորած անձանց, պատերազմից կամ հակամարտությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության կամ մարդասիրական հարցերով աշխատանքի հետ և դիմում ներկայացնելու օրվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
2. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումում նշվում է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է նպաստել այդ անձի հետախուզմանը: Մասնավորապես, անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը պետք է պարունակի՝
1) դիմողի անունը, ազգանունը (դիմող մարմնի կամ կազմակերպության անվանումը),
2) դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն և հաղորդակցության համար կոնտակտային տվյալները,
3) այն մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
4) հետախուզման ենթակա անձի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, անհետացման հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անձն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում,
5) հետախուզման ենթակա անձի մասին այլ տվյալներ, այդ թվում՝ առկայության դեպքում՝ անձի ծննդյան վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ամուսնական կարգավիճակը, ընտանիքի անդամների մասին տեղեկությունները, անձի մասնագիտությունը և զբաղվածության մասին տեղեկությունները, իսկ զինծառայողի դեպքում՝ կոչումը, հաշվառման և փաստացի բնակության վայրի հասցեն (եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), վայրը, որտեղ անձին վերջին անգամ ողջ են տեսել, օրը և ժամը, երբ անձին վերջին անգամ ողջ են տեսել, հագուստը, որով անձին վերջին անգամ ողջ են տեսել, անձնական իրերը, որոնք սովորաբար կրել է կամ իր մոտ պահել է անձը, անձի՝ անհետացման պահին հագուստի նկարագրությունը, վերջին հասանելի լուսանկարը, հետախուզման ենթակա անձին վերջին անգամ տեսած անձի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև անձի հետախուզմանը նպաստող վերաբերելի ցանկացած այլ տեղեկատվություն (դաջվածք, սպի, բժշկական, այդ թվում՝ վիրահատական և ստոմատոլոգիական պատմության տվյալներ),
6) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան) անձի նկատմամբ հետախուզում իրականացնելու վերաբերյալ,
7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (այդպիսիք ներկայացվելու դեպքում),
8) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,
9) դիմողի ստորագրությունը:
3. Եթե դիմումով պահանջվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը չի տրամադրվել, ապա դիմողին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է այդ մասին՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ՝ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար: Եթե դիմումով պահանջվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը չի տրամադրվել, և այլ եղանակով հնարավոր չէ ստանալ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ապա դիմումը չի քննարկվում:
4. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումի առկայության դեպքում պաշտպանության նախարարությունը կամ այն պետական մարմինը, որի զինծառայող (աշխատակից) է հանդիսանում տվյալ անձը, անհայտ կորած զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը 72 ժամը լրանալուն հաջորդող 24 ժամվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմին:
5. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումում նշված՝ անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները ենթակա են Ռեեստրը վարող անձի (կառուցվածքային ստորաբաժանման կողմից)՝ սույն օրենքով նախատեսված կարգով Ռեեստր մուտքագրման և հաշվառման՝ անձի անհետացման վերաբերյալ տեղեկատվությունը կամ այդ անձի հետախուզման մասին դիմում ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը Լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից 24 ժամվա ընթացքում: