Հոդված 15. Անհայտ կորած անձանց հետախուզման դադարեցումը
Հոդված 15. Անհայտ կորած անձանց հետախուզման դադարեցումը
1. Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է ոչ ուշ, քան անհայտ կորած անձի գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի (մասունքների) գտնվելու վայրը պարզելու օրվանից երեք օրվա ընթացքում՝ այդ մասին ծանուցելով նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև դիմողին, եթե դիմողը ընտանիքի անդամ չէ: Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցնելու մասին նաև անհապաղ նշում է կատարվում Ռեեստրում:
2. Անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք չէ նրա հետախուզումը դադարեցնելու համար:
3. Անհայտ կորած անձի՝ դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը (մասունքները) հայտնաբերված չլինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում, քանի դեռ մարմինը (մասունքները) հայտնաբերված չէ, կամ հետախուզման դիմում ներկայացրած անձը հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել:
4. Անհայտ կորած անձը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, համարվում է հայտնաբերված այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված նույնականացման ընթացակարգի արդյունքով հստակորեն կպարզվի տվյալ անձի գտնվելու վայրը, և (կամ) հստակորեն կպարզվի, որ հայտնաբերված մարմնի (մասունքների) ֆիզիկական կամ կենսաբանական բնութագրերը համապատասխանում են անհայտ կորած անձի նման բնութագրերին: