Հոդված 6. Շահառուների՝ վնասի հատուցում և աջակցություն ստանալու իրավունքը
Հոդված 6. Շահառուների՝ վնասի հատուցում և աջակցություն ստանալու իրավունքը
1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված շահառուներն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաև աջակցության գումարի տրամադրման իրավունք, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով:
2. Շահառուի՝ վնասի հատուցման գումարները, ինչպես նաև աջակցության գումարն ստանալու հնարավորությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ծագում է անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորած կամավորականի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով՝ ընտանիքի անդամի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: