Հոդված 106. Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին
Հոդված 106. Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին
1. Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի:
2. Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները:
3. Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը) պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
4. Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Այդ մասին տեղեկությունները պետք է պարունակվեն ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն ի գիտություն բոլորի:
(2-րդ մասն ուժը կորցրել է 27.07.01 ՀՕ-205)
5. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:
6. Բաժնետիրական ընկերության իրավական վիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7. Պետական ձեռնարկությունները մասնավորեցնելիս (ապապետականացնելիս) բաժնետիրական ընկերությունների ստեղծման առանձնահատկությունները սահմանվում են այդ ձեռնարկությունների մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով և այլ իրավական ակտերով:
(106-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, լրաց. 15.11.05 ՀՕ-229-Ն)