Հոդված 119. Կոոպերատիվի կառավարումը
Հոդված 119. Կոոպերատիվի կառավարումը
1. Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է:
Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:
Կոոպերատիվի գործադիր մարմիններն են նրա վարչությունը և (կամ) նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովին:
Դիտորդ խորհրդի և վարչության անդամներ, ինչպես նաև կոոպերատիվի նախագահ կարող են լինել միայն կոոպերատիվի անդամները: Դիտորդ խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը չի կարող լինել համանման այլ կոոպերատիվի անդամ: Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ:
2. Կոոպերատիվի կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) կոոպերատիվի կանոնադրությունը փոփոխելը.
2) դիտորդ խորհուրդ կազմավորելը և նրա անդամների լիազորությունները դադարեցնելը, ինչպես նաև կոոպերատիվի գործադիր մարմիններ կազմավորելն ու նրանց լիազորությունները դադարեցնելը, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այդ իրավունքը չի տրվել դիտորդ խորհրդին.
3) կոոպերատիվի անդամներ ընդունելը և հեռացնելը.
4) կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը.
5) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշում ընդունելը:
Կոոպերատիվների մասին օրենքներով և կոոպերատիվի կանոնադրությամբ կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրանց կողմից փոխանցվել կոոպերատիվի գործադիր մարմինների իրավասությանը:
4. Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: