Հոդված 120. Առևտրի ազդագրի հրապարակումը և արժեթղթերի թույլտվությունը շուկայում առևտրին
Հոդված 120. Առևտրի ազդագրի հրապարակումը և արժեթղթերի թույլտվությունը շուկայում առևտրին
1. Առևտրի ազդագիրը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արժեթղթերը շուկայում առևտրին թույլատրելու նախորդ աշխատանքային օրն առնվազն էլեկտրոնային եղանակով` թողարկողի, արժեթղթերի վաճառքն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձի) կամ տվյալ շուկայի օպերատորի ինտերնետային կայքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք պարտավոր են առևտրի ազդագրի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով տրամադրել նրան անվճար: Ազդագրի տպագիր տարբերակն անձին պետք է տրամադրվի ոչ ուշ, քան նման պահանջը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը:
3. Կենտրոնական բանկը պարտավոր է իր կողմից գրանցված առևտրի ազդագիրը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում` ազդագրի գրանցման օրվանից` 12 ամիս ժամկետով:
4. Սույն օրենքով սահմանված առևտրի ազդագրի փոխարեն կարող է հրապարակվել տվյալ արժեթղթերի հրապարակային առաջարկի համար կազմված ազդագիրը, եթե թողարկողը կամ տեղաբաշխողը դիմում է շուկայում առևտրին թույլտվության համար տվյալ արժեթղթերի տեղաբաշխման ավարտից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: