Հոդված 36. Պատասխանատու ակտուարը
Հոդված 36. Պատասխանատու ակտուարը
1. Ընկերության պատասխանատու ակտուարին նշանակում է խորհուրդը:
2. Ընկերության պատասխանատու ակտուարը՝
1) ստուգում է ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների ձևավորման համապատասխանությունը սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին.
2) պարզում է, թե ապահովում է արդյոք ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը հաշվարկված ապահովագրավճարներով և ձևավորված պահուստներով.
3) հաշվարկում է ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ինչպես նաև ապահովագրական, կենսաթոշակի և անուիտի գումարները.
4) հավաստում է Ընկերության կողմից սույն օրենքի 4-րդ բաժնով սահմանված պահանջների պահպանումը.
5) պատրաստում, ներկայացնում կամ հրապարակում է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այն հաշվետվությունները, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը՝
ա. տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքներն արտացոլող հաշվետվություն,
բ. Ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող հաշվետվություն,
գ. ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) բավարար լինելն արտացոլող հաշվետվություն,
դ. սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվություն:
3. Գործադիր մարմինը պարտավոր է պատասխանատու ակտուարին տրամադրել իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:
4. Պատասխանատու ակտուարը պարտավոր է եռամսյակը մեկ խորհրդին ներկայացնել հաշվետվություն:
5. Եթե պատասխանատու ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) իր լիազորություններն իրականացնելիս բացահայտել է, որ ապահովագրավճարները չեն հաշվարկվել, իսկ տեխնիկական պահուստները չեն ձևավորվել սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, և դրա արդյունքում ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը դրվել է վտանգի տակ, ապա պատասխանատու ակտուարն այդ մասին պետք է անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին: Պատասխանատու ակտուարի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել:
6. Ընկերության տարեկան հաշվետվությունը պետք է ներառի պատասխանատու ակտուարի հաշվետվությունը և ապահովագրավճարների ու տեխնիկական պահուստների՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լինելու մասին եզրակացությունը:
(36-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-189-Ն)