Հոդված 37. Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը
Հոդված 37. Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը
1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտի՝ աուդիտ իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտ իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել Ընկերությանը:
2. Ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել խորհրդի կողմից՝ Ընկերության միջոցների հաշվին:
3. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության՝ քվեարկող բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր հանդիսացող մասնակիցների պահանջով: Այդ դեպքում աուդիտն իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են աուդիտ պահանջող մասնակիցները: Ընդ որում, սույն մասում նշված անձինք կարող են Ընկերությունից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, և Ընկերությունը պարտավոր է հատուցել դրանք, եթե այդ աուդիտն ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ արդարացված է եղել Ընկերության համար:
4. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ Ընկերության ղեկավարության) կազմում:
5. Ընկերությունն աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, տեխնիկական պահուստների, հիմնական տնտեսական նորմատիվների պահանջներին, տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին:
6. Աուդիտորական ստուգում իրականացնելու ընթացքում Ընկերության ֆինանսական վիճակի` իր կարծիքով էական վատթարացման փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին: Արտաքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել:
7. Կենտրոնական բանկը կարող է Ընկերությանը պարտադրել չորս ամսվա ընթացքում հրավիրել աուդիտն իրականացնող անձի և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Ընկերության ֆինանսական հաշվետվությունները և աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:
8. Աուդիտորի եզրակացությունը և հաշվետվությունն Ընկերությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
9. Կենտրոնական բանկի պահանջով աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել Ընկերության աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք առևտրային, բանկային, ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
10. Ընկերության աուդիտն իրականացնող անձը եզրակացություն է ներկայացնում նաև՝
1) Ընկերության տեխնիկական պահուստների համարժեքության մասին.
2) սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` Ընկերության տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.
3) Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
4) Ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
5) Ընկերության ներքին տեղեկատվական համակարգի առկայության կամ որակի մասին.
6) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու հավաստիության մասին:
11. Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ:
12. Կենտրոնական բանկը կարող է պահանջել աուդիտն իրականացնող անձին տալ լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ` իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ:
13. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել Ընկերության հաշվին աուդիտ իրականացնող այլ անձի կողմից նոր աուդիտ:
(37-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-142-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-189-Ն)