Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

Հոդված 14. Լիազոր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Լիազոր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Լիազոր մարմինը`

1) մշակում է պետական ռազմավարությունը և համակարգում դրանից բխող միջոցառումների իրականացումը.

2) իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, առողջապահության և կրթության բնագավառներում լիազոր հանրապետական գործադիր մարմինների տրամադրած տվյալները, և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաև այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.

3) ուսումնասիրում է ընտանիքում բռնության պատճառները, պայմանները և հետևանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրեր.

4) վերահսկում է ապաստարանների կողմից Կառավարության սահմանած՝ ապաստարանին և դրա անձնակազմին ներկայացվող պահանջների պահպանումը, ինչպես նաև իրականացնում է ոչ առևտրային իրավաբանական անձանց կողմից ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանի միջոցով սոցիալական ծառայություններ տրամադրվելու հավաստագրում՝ Կառավարության սահմանած կարգով.

5) հիմնադրում է ապաստարաններ, ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կնքում ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա և վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով.

6) պարբերաբար կազմակերպում է աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում` ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ.

7) հանրության համար հասանելի կերպով պարբերաբար հրապարակում է կապի այն միջոցների ցանկը (ներառյալ՝ ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները պարտավոր են ունենալ), որոնցով ընտանիքում բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները և այլ անձինք կարող են անհապաղ կապվել աջակցության կենտրոնների աշխատողի կամ կենտրոնի կողմից ներգրավված համապատասխան մասնագետի հետ և ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ նաև նրանց համար մատչելի օգնություն.

8) ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով բացում է ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար և տնօրինում այն՝ կառավարության սահմանած կարգով: Հաշվեհամարի միջոցները ձևավորվում են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից.

9) հաստատում է աջակցության կենտրոնի կողմից ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև հաշտեցման կազմակերպման և իրականացման կարգը.

10) սահմանում է կանխարգելիչ հաշվառման շրջանակում չափահաս անձանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկման իրականացման կարգը.

11) հաստատում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը:

2. Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում հավասար թվով ընդգրկվում են՝

1) հանրապետական գործադիր իշխանության, ոստիկանության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ.

2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3) աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցներ՝ Լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

3. Խորհրդի կազմում ընդգրկվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

4. Խորհրդի գործառույթները, ձևավորման կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ անհատական կազմը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(14-րդ հոդվածը փոփ. 24.03.21 ՀՕ-160-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։