Հոդված 19. Աջակցության կենտրոնը
Հոդված 19. Աջակցության կենտրոնը
1. Աջակցության կենտրոնը`
1) աջակցության կենտրոն դիմած անձանց նրանց համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նրանց համար մատչելի եղանակով տեղեկացնում է նրանց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին.
2) կազմակերպում է ընտանիքում բռնության ենթարկվածներին անհրաժեշտ և անհատույց հոգեբանական և իրավաբանական օգնության և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը.
3) սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին՝ նրանց համաձայնությամբ.
4) ուսումնասիրում է ընտանիքում բռնության պատճառներն ու պայմանները, վարում ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն և արդյունքները ներկայացնում Լիազոր մարմին.
5) Լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կազմակերպում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիան, այդ թվում՝ նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ստանալ ռեաբիլիտացիոն ծրագրի մաս կազմող համապատասխան աջակցություն և մասնակցել որոշակի միջոցառումների.
6) նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնության ենթարկվածին առաջարկում է հոգեբանական աջակցության տրամադրում.
7) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով իրականացնում է հաշտեցում կամ կազմակերպում է դրա իրականացումն ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև.
8) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցում է աշխատանքի տեղավորման և պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում.
9) աջակցության կենտրոն դիմած անձի համաձայնությամբ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքերի առկայությունն ստուգելու համար, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում դիմում է դատարան` պաշտպանական որոշում կայացնելու դիմումով: