Հոդված 6. Նախազգուշացումը
Հոդված 6. Նախազգուշացումը
1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում:
2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:
3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:
4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության ծառայողն ուղարկում է ընտանիքում բռնություն գործադրած անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով: