Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ընտանիքի անդամներ՝
ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,
բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը.
2) աջակցության կենտրոն՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կազմակերպություն.
3) ապաստարան (ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց՝ սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից.
4) ընտանիքում բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.
5) ընտանիքում բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից.
6) խնամքի տակ եղող անձ՝ երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, որը բնակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի հետ, և որին վերջինս մշտապես հոգ է տանում.
7) ոստիկանության իրավասու ծառայող՝ ոստիկանության` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման ծառայող.
8) ռեաբիլիտացիոն ծրագիր՝ համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը.
9)
(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)
(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)