Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

Հոդված 20. Ապաստարանը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ապաստարանը

1. Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապաստարանների առկայությունը և գործունեությունն ապահովելու ուղղությամբ: Ապաստարանը հիմնադրվում է Լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի հիմնած ոչ առևտրային կազմակերպության կամ այլ ոչ առևտրային իրավաբանական անձանց կողմից:

2. Լիազոր մարմինը ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել նրանց կողմից ապաստարան հիմնադրելու կամ արդեն հիմնադրված ապաստարանի գործունեության աջակցության մասին պայմանագիր, որը պետք է պարունակի նաև այդ ապաստարանի գործունեության նկատմամբ Լիազոր մարմնի՝ հսկողություն իրականացնելու կարգը, այդ թվում՝ տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ: Նոր ապաստարանի հիմնադրման վայրը որոշում է սույն օրենքով Լիազոր մարմինը՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրամադրվող կարիքների գնահատման եզրակացությունների հիման վրա: Ֆինանսավորվող ոչ առևտրային իրավաբանական անձն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթով:

3. Ապաստարան հիմնադրելու համար համապատասխան կազմակերպությունները պետք է ստանան Լիազոր մարմնի կողմից տրամադրվող հավաստագրում, որի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Կառավարությունը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն տրամադրել ոչ առևտրային իրավաբանական անձանց` ապաստարան ստեղծելու և դրա գործունեությունն ապահովելու համար:

4. Ապաստարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով և համապատասխան անվտանգության համակարգով, երեխաների համար` նաև խնամքի և կրթության պայմաններով և համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ չափանիշներին:

5. Ընտանիքում բռնության ենթարկվածներն իրենց դիմումի դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց հետ (այսուհետ՝ շահառուներ) կարող են ապաստարանում տեղավորվել, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի: Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում կարող են կայացնել՝

1) ոստիկանությունը՝ կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի դեպքում.

2) աջակցության կենտրոնը՝ ստանալով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի եզրակացությունը:

Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված:

6. Ապաստարանը`

1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական և իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև ապահովում է սննդով և հագուստով, իսկ երեխաներին` նաև դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն.

2) անհրաժեշտության դեպքում և շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:

7. Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը և այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու՝ շահառուների համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։