Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 8. Պաշտպանական որոշումը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պաշտպանական որոշումը

1. Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության ու հոգաբարձության մարմինը:

2. Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը:

3. Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:

4. Պաշտպանական որոշումը կայացվում է մինչև 6 ամիս ժամկետով և կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչև 3 ամիս ժամկետով:

5. Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը.

2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.

3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.

4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.

5) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ եղող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.

6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.

7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ.

8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ:

7. Պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընտանիքում բռնության ենթարկվածի դատական ներկայացուցչության համար հանրային պաշտպան տրամադրելու հիմքերը և կարգը նախատեսվում են «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, և պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ, ապա դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնին հանձնարարում է լուծել երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով:

9. Պաշտպանական որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից իր իրերը վերցնել երկու ամիսը մեկ անգամ՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ: Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս որոշման կայացման պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում հանձնում է ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապահովում է սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտականության կատարումը, իսկ Լիազոր մարմինը հետևում է նույն մասի 8-րդ կետով նախատեսված պարտականության կատարմանը:

9.1.

10. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև աջակցության կենտրոնի թույլտվությամբ կենտրոնում կամ կենտրոնի համապատասխան մասնագետի ներկայությամբ կազմակերպվող հանդիպման ժամանակ:

11. Պաշտպանական որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)

(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։