Հոդված 26. Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները
Հոդված 26. Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները
1. Պրոբացիայի ծառայության պետը՝
1) ղեկավարում և հսկում է Պրոբացիայի ծառայության գործունեությունը.
2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, հրամաններ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ.
4) առաջարկություններ է ներկայացնում Նախարարին Պրոբացիայի ծառայության կառուցվածքի և հաստիքացուցակի, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.
5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր Պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.
6) Պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.
7) միջնորդություն է ներկայացնում Նախարարին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
8) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում Պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
9) նշանակում է ծառայողական քննություններ.
10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված պրոբացիայի ծառայողների լիազորությունները.
11) խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում պրոբացիայի ծառայողներին.
12) առաջարկություններ է ներկայացնում Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
13) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալները՝
1) համակարգում են Պրոբացիայի ծառայության պետի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեությունը.
2) Պրոբացիայի ծառայության պետին ներկայացնում են տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
3) իրենց համակարգմանը հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին տալիս են ցուցումներ ու հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն.
4) Պրոբացիայի ծառայության պետին առաջարկություններ են ներկայացնում պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5) Պրոբացիայի ծառայության պետին միջնորդություններ են ներկայացնում իրենց հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) իրենց վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս Պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս են լիազորագրեր Պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար: